ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՂԱՎ

ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԵՂԱՎ
25.06.2010 | 00:00

Տարածաշրջանը հաճախ է եռացող տակառ հիշեցրել, երբ թվացել է, թե ամեն բան ո՛ւր որ է օդ կթռչի: Նույն վիճակն է կարծես այսօր:
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում Սերժ Սարգսյանի կատարած իրանական շեշտադրումները, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի սիմետրիկ ձայնակցումը, ընդ որում, քչախոս, նուրբ հարցերում մտային որոշակիություն երբեք չբանեցրած իրանական կողմն այդ օրն անչափ խոսքաշատ-թիրախային էր ու «տվեց» բավական հարցերի պատասխան:
Այնուհանդերձ, հարցականները Օբամա-Մեդվեդև հանդիպումից ժամեր առաջ մնացին օդում. կպայմանավորվե՞ն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ղարաբաղի ու նրա մերձակայքի շուրջ, իսկ առավել ստույգ` տեղակայվելիք խաղաղապահ կոնտինգենտի հարցում, թե՞, ինչպես հնարավոր չի եղել ցայս պայմանավորվել, հետայսու ևս ոչինչ չի ստացվի:
Ընդ որում, եթե «ճիշտ» են իրանական հետախուզության տվյալները, այն է` ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական մեծ ուժ է կենտրոնացվել Ադրբեջանում, որն ամեն րոպե պատրաստ է հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, ապա զարգացումներն է՛լ ավելի հետաքրքիր են դառնում:
Համանման իրադրություններ շատ-շատ են եղել թե՛ Ղարաբաղի (Քի Վեստից, Ռամբուեից առաջ), թե՛ Իրանի շուրջ: Իրանի դեպքում նույնիսկ «ժամն» էր հայտարարվել. հիշենք` երկու-երեք տարի առաջ ասվեց` առավոտյան ժամը 5-ին (դե, համարյա Մյունխհաուզենի պես` ժամը 4-ին պատերազմ Անգլիայի հետ) Իսրայելը կռմբակոծի Իրանը: Սպասեցինք, ականջներս ձենի պահեցինք, փա՜ռք Աստծո, նման բան չեղավ:
Եվ այնուհանդերձ, տարածաշրջանում իրավիճակն այսօր լրջագույններից է. հենց միայն Ղարաբաղի շուրջը տեղի ունեցող զարգացումներից կարելի է դատել, որ խնդիրներն այս անգամ այլ ռակուրսի մեջ են:
Հայկական կողմն աշխատում է մի քանի թիրախների վրա` քաղաքական-դիվանագիտական-ռազմական, փորձելով հասկացնել, որ խաղում ինքը կողմ է և ոչ մատաղացու գառ: Կիրառվում են նաև դիվանագիտական բոլոր գործիքները. Ղարաբաղի անկախության ճանաչումից մինչև բանակցային գործընթացից դուրս գալու «սենսորիկա»:
Հայկական բոլոր անհրաժեշտ ինստիտուտները, բացի ԱԺ-ից (ԱԺ-ն նախորդ օրն իր արտահերթ նիստն սկսեց առանց «խնդրո» որևէ հիշատակման. խորհրդարանի միջանցքներում բզզում էր խուլ դժգոհությունը, թե ինչպես կարելի է հայտարարություն չընդունել` Չայլուում կատարվածի, խնդրի կարգավորման, զոհված զինվորների մասին, գոնե «պետք էր մեկ րոպե լռությամբ հարգել այդ տղաների հիշատակը. Ռուսաստանի սիրտը չէր ճաքի Հովիկ Աբրահամյանի այդ քայլից», բզբզում էին «գործից հասկացող» պատգամավորները, ոմանք էլ կարծում էին, որ այնքան չի կարևորվել ԱԺ-ն` յուր ամեն ինչով, որ արտաքին խաղի պատասխանատուները չեն ներառել վերջինիս ընդհանուր հայաստանյան խաղի մեջ և որոշել են` տարածաշրջանի համար էս էական օրերին ԱԺ-ն պետք է բավարարվի Լեզվի մասին օրենքի ռուս-հայրենասիրական մոտիվներով և օրենքի փոփոխությունների դեմ պայքարող հայ-հայրենասերների թուք ու մուրով), գերագույն գլխավոր հրամանատարի «գլխավորությամբ», պայքարի մի քանի ֆրոնտներում կատարեցին նույնքան թիրախային ֆիքսումներ:
«Ռազմական» ֆիքսումներ. Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց. զիջելու որևէ բան չունենք որևէ մեկին, «աշխարհում մոլեգնող տերտերին»` հակահայ գաղափարախոսությանը դեմ ենք կանգնելու (ընդ որում, առանձին քննարկման թեմա է, թե ինչու այդ շեշտադրումները, ընդուպ մինչև ԵԱՀԿ ՄԽ և ԵՄ կովկասյան ներկայացուցչի քննադատություն, կատարվեցին հատկապես Գերմանիայում, այն Գերմանիայում, որը կարծես նոր «օս» է գծում Եվրոպայում Ռուսաստանի մասնակցությամբ` հիմք դնելով նոր Եվրոպայի, սակայն, մյուս կողմից էլ, նույն Մերկելը «ձախ» ձեռքով պայման է դնում նույն Ռուսաստանի առաջ. եվրոպական այդ նոր անվտանգության «օսը» կստեղծվի, եթե Մերձդնեստրից Ռուսաստանը հանի իր զորամիավորումները, ինչից հետո էլ նույն Մերձդնեստրն ուղիղ գծով ու վայրկյանների ընթացքում կհայտնվի ՆԱՏՕ-ի գրկում), մի խոսքով` Գերմանիայում Սերժ Սարգսյանը «թշնամի միջազգային հանրությանը» (եզրույթը վերցված է Տեր-Պետրոսյանի` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից) հարկ համարեց ասել. «2008 թ. մեծ ճիգերի գնով և զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել ռազմական առճակատման տարածումից: Երկրորդ անգամ նման հնարավորություն կարող է չտրվել»:
Դու ասացիր:
Սակայն դրանից առաջ Սերժ Սարգսյանի հնչեցրած միտքն է՛լ ավելի «ասացվածքային» ու կարևոր էր. այն ուղղակի «այրվող տակառի» մեջ դրված դետոնատորի պես մի բան էր. խոսքն առնչվում էր «դարակազմիկ» Բաքու-Ջեյհանին, որի 2008-յան կանգը վրացական բլիցկրիգի օրերին ոչ մի ազդեցություն չթողեց նավթի համաշխարհային գների վրա, սակայն որի «բարիքների» կիրառումը ոչ միայն տարաբաժանում առաջացրեց տարածաշրջանում, այլև... ով գիտի, մեկ էլ տեսար Իրանը վերցրեց ու պայթեցրեց իր կողքով անցնող այդ «բարիքը»: Դե, մոտավորապես այդպես: Աստված մի արասցե:
Շատ չերկարացնենք. առավել կոնկրետ էր Հայկ Քոթանջյանի «ռազմական» արձագանքը. այսպես շաունակվելու դեպքում հայկական կողմը «ստիպված» կլինի հասցնել «անընդունելի վնաս»: ՈՒ թե հաշվի առնենք, որ Հ. Քոթանջյանը նաև հայաստանյան ռազմական դոկտրինի «հիմնադիր-անդամներից» է, ապա կարող ենք նույնիսկ անչափ հեռուն գնացող եզրակացություններ անել (ոչ Բաքու-Ջեյհանի առնչությամբ. այն դաշնակների «ձեռի գործն» է, այլ «ընդհանրապես»):
Իր հերթին Բակո Սահակյանն էլ ասաց` անհրաժեշտության դեպքում «կպատերազմենք արդեն Ադրբեջանի տարածքում»: Սրան էլ գումարենք երկրապահների, աշխարհազորայինների նույնաբովանդակ հայտարարությունները և եզրակացնենք` այս ամենը ռիտորիկա ու դիվանագիտություն չեն, այլ թիրախավորումն են հայաստանյան ստրատեգիայի` ամեն բան արվելու է այս խաղում «մանրադրամ» չդառնալու համար, անկախ նրանից` Սեմնեբին, Էշտոնը, ԵԱՀԿ ՄԽ-ն, միջազգային մնացած կառույցները որքան «կխոչընդոտեն» հարցի լուծմանը և կկանգնեն Ադրբեջանի «դիվերսանտ» թասիբին:
Ընդ որում, պակաս հետաքրքիր չէր նաև իրանյան ասիմետրիան միջազգային «թշնամի հանրության» նկատմամբ: ՀՀ-ում Իրանի դեսպանը (որի ազգանունը, չգիտես ինչու, «յանով» է վերջանում)` Սեյիդ Ալի Սաղայանը, միջազգային առաջին պաշտոնյան էր բոլոր բոլորի մեջ, որ հարկ համարեց արձանագրել` հունիսի 18-ի դեպքերը «տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի սադրանքի հետևանք էին» (այ, դու` «սա՛ղ» մնաս):
Բոլոր «դուրս» գտնվողներն էլ կարող էին փայաբաժին ունենալ այդ «պակետում»` թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը` իրավիճակն ի շահ իրենց խաղարկելու համար, չասաց պարոն Սաղայանը: Երևի նաև գիտեր` «թամամ» խոսքն ում են ասում:
Հաջորդ «թիրախայինն» էր. «Մենք վստահաբար բացառում ենք պատերազմի վերսկսումը», հատու ասաց պարոն Սաղայանը (ա՜յ, դու` «սա՛ղ» մնաս): Սա կարծես հենց այն է, ինչի մասին նույն «պահին» խոսում էր Սերժ Սարգսյանը Գերմանիայում` նույնքան վստահաբար. «Վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր չէ անտեսել Իրանը»:
Պարոն Սաղայանն իր ասուլիսում փայաբաժին հանեց ոչ միայն Ֆիզուլիում «տուն-տեղ» դնելու պատրաստակամությամբ աչքի ընկած ԱՄՆ-ին, այլև Ռուսաստանի (ոչ Քելբաջարում խաղաղապահներ տեղակայելու հաշվով. իսկ ընդհանրապես, կարծում ենք` Ֆիզուլի-Քելբաջար խաղաղապահական այդ կոնֆիգուրացիան լիարժեք աբսուրդ է) հաշվով. այո, Իրանը երբեք չի մոռանալու, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում «նա» կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:
Հարգարժան Սաղայանը չմոռացավ նաև Թուրքիային, որն ուզում է նախ` հարստացնել Իրանի ուրանը (իսկ իրականում` Իրանի միջոցով տիրապետել միջուկային ռումբ ունենալու տեխնոլոգիային, դառնալ միջուկային երկիր), այլև տնավորվել Նախիջևանում: Չի՛ լինի, ասաց Իրանը` ՄԱԿ-ի ԱԽ-ում պատժամիջոցներին թեկուզ դեմ քվեարկած Թուրքիային հասկացնելով` փափուկ բարձ չդնել իր պարսից գլխի տակ, որովհետև դրանով կխախտվի «զրո պրոբլեմ հարևանների հետ» առանց այն էլ «խախտված» թրքական կյանքը:
Մի խոսքով, փոքրի փոխարեն մեծ կարկանդակը, իհարկե, ավելի լավ է, սակայն քաղաքականության մեջ կան պրագմատիկ շահեր, և, ըստ ամենայնի, հենց նույն Գերմանիայում Սերժ Սարգսյանի գտնվելու հանգամանքը (հիշենք, որ նա այնտեղ գնաց Մեդվեդևի հետ հանդիպումից ժամեր անց, ընդ որում` Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը շատ սերտ է աշխատում ՌԴ նախագահի ապարատի հետ, իսկ ՌԴ կառավարությունը գրեթե չի աշխատում. համենայն դեպս այդպես էր գրված հիմնադրամի այցեքարտում), այսպիսով, Գերմանիայում հնչեցրած մտքերը գալիս են ասելու, որ դրանց տակ կարող է «լինել» նաև Գեյթսից «շիզոֆրենիկ» անվանված (Իրանի նկատմամբ Ռուսաստանի մոտեցումը Գեյթսին «հիմք» էր տվել արտաբերելու «շիզոֆրենիկ» տերմինը, ինչը Աֆղանստանում ամերիկյան հայտնի գեներալի նույնքան հայտնի «արտաբերումներից» հետո ամերիկյան ռազմական նոր դոկտրինի «առանձնահատկություններից» ու «հմայքներից» մեկն է դառնում կարծես) Ռուսաստանի անտեսանելի ստորագրությունը:
Եվ, այնուհանդերձ, Ադենաուերի հիմնադրամում հնչեցրած Սերժ Սարգսյանի հաջորդական միտքն էլ ավելի կարևոր էր. «ՈՒզում եմ նաև հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը «յուղել» տնտեսական առատ աջակցությամբ։ Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ։ Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման «պարտադրող կողմը», ում լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից։ Այդ մոտեցումն աշխատում է Բալկաններում, բայց «պարտադրող կողմը» բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է»։ Կածես թե հստակ է ասված:
Մնում է` Օբաման ու Մեդվեդևն այսօր պայմանավորվեն այդ «հստակության» շրջանակներում:
Այլապես կաշխատի պարզ ճշմարտությունը. պարտադրող կողմի բացակայությունն իրականություն կդարձնի «վաղը եղել է պատերազմ» բանաձևը` պայթեցնելով տարածաշրջանային եռացող այս տակառը (Աստված մի արասցե), ուր ոչ մեծ և ոչ էլ փոքր կարկանդակ չի մնա, որ հասնի ամենաձեռնհասներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ